This page looks better in the app
Use promo code SUMMER20 at checkout and get 20% OFF any plan 🎉
Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները
06 Aug, 2025

Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները

Մարինե Աշրաֆյան

Մարինե Աշրաֆյան

Հիմնադիր Տնօրեն, Ashrafyan Talent Solutions / ՄՌԿ բաժնի ղեկավար, KIM GROUP LLC

Եկեք խոսենք հաճախ նույնականացվող այս երկու տերմինների մասին՝ փորձնակի և փորձաշրջան անցնողի իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները:

Նմանությունները

Աշխատանքային փորձառության ձեռքբերում

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում ձեռք է բերվում աշխատանքային փորձառություն:

Հարկային հաշվետվություն

Հայտ է ուղարկվում հարկային մարմին:

Անչափահաս անձանց արտոնություններ

Մինչև տասնութ տարեկան անձինք ունեն նույն արտոնությունները երկու դեպքում էլ:

Աշխատանքների սահմանափակում

Մինչև տասնութ տարեկան անձանց կարելի է ներգրավել միայն այն աշխատանքներում, ինչ փորձաշրջան անցնողներին:

Գործատուների իրավունքներ

Տնտեսական գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից և սեփականության ձևից, կարող է ներգրավել փորձնակի, ինչպես նաև ընդունել աշխատողի՝ փորձաշրջանով:

Տարբերությունները

Պայմանագրի բնույթ

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում կնքվում է պայմանագիր, բայց մի դեպքում՝ քաղաքացիաիրավական, մյուս դեպքում՝ աշխատանքային:

Վարձատրություն

  • Փորձնակ՝ վարձատրությունը կողմերի համաձայնությամբ է
  • Փորձաշրջան՝ վարձատրությունը պարտադիր է

Աշխատաժամանակի գրաֆիկ

  • Փորձնակ՝ աշխատաժամանակը սահմանափակվում է հնգօրյա գրաֆիկով
  • Փորձաշրջան՝ հնարավոր է նաև վեցօրյա գրաֆիկ

Օրական աշխատաժամեր

  • Փորձնակ՝ աշխատաժամանակը սահմանափակվում է օրական չորս ժամով՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները
  • Փորձաշրջան՝ հնարավոր է մինչև տասներկուժամյա գրաֆիկ՝ համատեղությամբ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները

Ժամկետներ

  • Փորձնակ՝ կնքվում է մինչև երկու ամիս ժամկետով փորձնակի պայմանագիր
  • Փորձաշրջան՝ փորձաշրջանի առավելագույն ժամանակահատվածը մինչև տասներկու ամիս ժամկետով է

Երկարաձգման իրավունք

  • Փորձնակ՝ փորձնակի պայմանագիրը կնքվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի
  • Փորձաշրջան՝ առավելագույն ժամանակահատվածի պահանջ առկա չէ

Թվի սահմանափակում

  • Փորձնակ՝ գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողների թիվը սահմանափակում չունի

Աշխատանքային ստաժ

  • Փորձնակ՝ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողի համար աշխատանքային ստաժ համարվում է

Փաստաթղթեր

  • Փորձնակ՝ փորձնակին աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին տրվում է հավաստագիր
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողին հավաստագիր չի տրվում

Հարկային բեռ

  • Փորձնակ՝ քանի որ փորձնակի վարձատրությունը եկամուտ է համարվում, բայց ոչ աշխատանք, ստացված գումարից վճարվում է միայն եկամտային հարկ
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողից վճարվում են ՀՀ օրենսդրությամւ սահմանված մյուս բոլոր հարկերը ևս

Աշխատողի իրավունքներ

Փորձաշրջան անցնողն ունի իրավունք՝

  • Ամենամյա վճարովի և չվճարվող արձակուրդի
  • Պարգևատրման
  • Ժամանավոր անաշխատունակության նպաստի
  • Վերջնահաշվարկի
  • Արձակման նպաստի

Փորձնակը այս իրավունքները չունի:

Ղեկավարման գործառույթներ

  • Փորձնակ՝ աշխատողներից որևէ մեկին (վերջինիս համաձայնությամբ) վերապահվում է փորձնակի արտադրական պրակտիկայի ղեկավարման գործառույթը և այդ աշխատանքի համար վճարում լրավճար
  • Փորձաշրջան՝ նմանատիպ պարտադիր գործառույթ նախատեսված չէ

Հասկացությունների սահմանումները

Փորձնակ

Փորձնակը այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով:

Կարևոր է նշել, որ փորձնակը չի համարվում աշխատող և չի կարող օգտվել աշխատողի համար սահմանված բոլոր իրավունքներից:

Փորձաշրջան

Փորձաշրջանի մասին պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, ուստի Աշխատանքային օրենսգրքով սահմանվող իրավունքներն ու պարտականությունները պարտադիր են փորձաշրջան անցնողի համար:

Նպատակները․

  • Գործատուի ցանկությամբ՝ աշխատողի համար փորձաշրջան սահմանվում է նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով
  • Աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար

Պատմական համատեքստ

Փորձաշրջանի համակարգը կիրառվել է Աշխատանքային օրենսգրքի կիրառման առաջին իսկ օրվանից՝ 21.06.2005 թ․-ից:

Մինչդեռ փորձնակի համակարգի ներդրումը սկսվել է 31.07.2023թ․-ից ՀՕ-160-Ն օրենքի ընդունմամբ, որի միջոցով լրացվեց և նոր բովանդակությամբ փոփոխվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը՝ համալրվելով թվով երկու, բայց բազմաբովանդակ նոր հոդվածներով (Հոդված 201.3-րդ և 201.4-րդ):

Փորձնակի համակարգի նպատակները

Փորձնակի համակարգի ներդրումը նպատակ ուներ նպաստել՝

  • Կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը
  • Որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը
  • Երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց օգնելու ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվել աշխատաշուկային
  • Անցում անել կամավորական աշխատանքից դեպի աշխատանքային ռեալ փորձառության

Եզրակացություն

Թեև երկու համակարգերն էլ նպատակ ունեն աշխատանքային փորձառության ձեռքբերում ապահովել, դրանք նշանակալիորեն տարբերվում են իրական իրավունքներով, պարտականություններով և պայմաններով: Կարևոր է ճիշտ հասկանալ այս տարբերությունները՝ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների համար օպտիմալ ընտրություն կատարելու համար:


Share this article on your social media platform!