Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները

Մարինե Աշրաֆյան

Մարինե Աշրաֆյան

Հիմնադիր Տնօրեն, Ashrafyan Talent Solutions / ՄՌԿ բաժնի ղեկավար, KIM GROUP LLC

8 րոպե ընթերցում

Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները

Եկեք խոսենք հաճախ նույնականացվող այս երկու տերմինների մասին՝ փորձնակի և փորձաշրջան անցնողի իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները:

Նմանությունները⁠

Աշխատանքային փորձառության ձեռքբերում⁠

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում ձեռք է բերվում աշխատանքային փորձառություն:

Հարկային հաշվետվություն⁠

Հայտ է ուղարկվում հարկային մարմին:

Անչափահաս անձանց արտոնություններ⁠

Մինչև տասնութ տարեկան անձինք ունեն նույն արտոնությունները երկու դեպքում էլ:

Աշխատանքների սահմանափակում⁠

Մինչև տասնութ տարեկան անձանց կարելի է ներգրավել միայն այն աշխատանքներում, ինչ փորձաշրջան անցնողներին:

Գործատուների իրավունքներ⁠

Տնտեսական գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից և սեփականության ձևից, կարող է ներգրավել փորձնակի, ինչպես նաև ընդունել աշխատողի՝ փորձաշրջանով:

Տարբերությունները⁠

Պայմանագրի բնույթ⁠

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում կնքվում է պայմանագիր, բայց մի դեպքում՝ քաղաքացիաիրավական, մյուս դեպքում՝ աշխատանքային:

Վարձատրություն⁠

  • Փորձնակ՝ վարձատրությունը կողմերի համաձայնությամբ է
  • Փորձաշրջան՝ վարձատրությունը պարտադիր է

Աշխատաժամանակի գրաֆիկ⁠

  • Փորձնակ՝ աշխատաժամանակը սահմանափակվում է հնգօրյա գրաֆիկով
  • Փորձաշրջան՝ հնարավոր է նաև վեցօրյա գրաֆիկ

Օրական աշխատաժամեր⁠

  • Փորձնակ՝ աշխատաժամանակը սահմանափակվում է օրական չորս ժամով՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները
  • Փորձաշրջան՝ հնարավոր է մինչև տասներկուժամյա գրաֆիկ՝ համատեղությամբ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները

Ժամկետներ⁠

  • Փորձնակ՝ կնքվում է մինչև երկու ամիս ժամկետով փորձնակի պայմանագիր
  • Փորձաշրջան՝ փորձաշրջանի առավելագույն ժամանակահատվածը մինչև տասներկու ամիս ժամկետով է

Երկարաձգման իրավունք⁠

  • Փորձնակ՝ փորձնակի պայմանագիրը կնքվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի
  • Փորձաշրջան՝ առավելագույն ժամանակահատվածի պահանջ առկա չէ

Թվի սահմանափակում⁠

  • Փորձնակ՝ գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողների թիվը սահմանափակում չունի

Աշխատանքային ստաժ⁠

  • Փորձնակ՝ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողի համար աշխատանքային ստաժ համարվում է

Փաստաթղթեր⁠

  • Փորձնակ՝ փորձնակին աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին տրվում է հավաստագիր
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողին հավաստագիր չի տրվում

Հարկային բեռ⁠

  • Փորձնակ՝ քանի որ փորձնակի վարձատրությունը եկամուտ է համարվում, բայց ոչ աշխատանք, ստացված գումարից վճարվում է միայն եկամտային հարկ
  • Փորձաշրջան՝ փորձաշրջան անցնողից վճարվում են ՀՀ օրենսդրությամւ սահմանված մյուս բոլոր հարկերը ևս

Աշխատողի իրավունքներ⁠

Փորձաշրջան անցնողն ունի իրավունք՝

  • Ամենամյա վճարովի և չվճարվող արձակուրդի
  • Պարգևատրման
  • Ժամանավոր անաշխատունակության նպաստի
  • Վերջնահաշվարկի
  • Արձակման նպաստի

Փորձնակը այս իրավունքները չունի:

Ղեկավարման գործառույթներ⁠

  • Փորձնակ՝ աշխատողներից որևէ մեկին (վերջինիս համաձայնությամբ) վերապահվում է փորձնակի արտադրական պրակտիկայի ղեկավարման գործառույթը և այդ աշխատանքի համար վճարում լրավճար
  • Փորձաշրջան՝ նմանատիպ պարտադիր գործառույթ նախատեսված չէ

Հասկացությունների սահմանումները⁠

Փորձնակ⁠

Փորձնակը այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով:

Կարևոր է նշել, որ փորձնակը չի համարվում աշխատող և չի կարող օգտվել աշխատողի համար սահմանված բոլոր իրավունքներից:

Փորձաշրջան⁠

Փորձաշրջանի մասին պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, ուստի Աշխատանքային օրենսգրքով սահմանվող իրավունքներն ու պարտականությունները պարտադիր են փորձաշրջան անցնողի համար:

Նպատակները․

  • Գործատուի ցանկությամբ՝ աշխատողի համար փորձաշրջան սահմանվում է նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով
  • Աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար

Պատմական համատեքստ⁠

Փորձաշրջանի համակարգը կիրառվել է Աշխատանքային օրենսգրքի կիրառման առաջին իսկ օրվանից՝ 21.06.2005 թ․-ից:

Մինչդեռ փորձնակի համակարգի ներդրումը սկսվել է 31.07.2023թ․-ից ՀՕ-160-Ն օրենքի ընդունմամբ, որի միջոցով լրացվեց և նոր բովանդակությամբ փոփոխվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը՝ համալրվելով թվով երկու, բայց բազմաբովանդակ նոր հոդվածներով (Հոդված 201.3-րդ և 201.4-րդ):

Փորձնակի համակարգի նպատակները⁠

Փորձնակի համակարգի ներդրումը նպատակ ուներ նպաստել՝

  • Կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը
  • Որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը
  • Երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց օգնելու ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվել աշխատաշուկային
  • Անցում անել կամավորական աշխատանքից դեպի աշխատանքային ռեալ փորձառության

Եզրակացություն⁠

Թեև երկու համակարգերն էլ նպատակ ունեն աշխատանքային փորձառության ձեռքբերում ապահովել, դրանք նշանակալիորեն տարբերվում են իրական իրավունքներով, պարտականություններով և պայմաններով: Կարևոր է ճիշտ հասկանալ այս տարբերությունները՝ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների համար օպտիմալ ընտրություն կատարելու համար:

Փորձաշրջանը և փորձնակությունը տարբեր իրավական կարգավիճակներ ունեն, սակայն երկուսն էլ պահանջում են հստակ պայմանավորվածություններ և պատասխանատվության սահմանում։

Կարդա նաև՝ փորձաշրջանի վճարման և անհիմն ազատման մասին։ Իսկ եթե նոր հնարավորություններ ես փնտրում, դիտիր աշխատանք Հայաստանում էջը։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու աշխատանքային իրավունքի իրազեկմանը, փորձաշրջանի և փորձնակության գործընթացների իրավաչափ իրականացմանը և արդար աշխատանքային հարաբերությունների պահպանմանը։

Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

Դիտել բոլոր աշխատանքները →

Middle QA Engineer

M-OneYerevanԳրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

Առնչվող հոդվածներ