This page looks better in the app
Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում
15 Aug, 2025

Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում

Թամարա Գևորգյան

Թամարա Գևորգյան

Տաղանդների հավաքագրման ավագ մասնագետ | SoftConstruct

Ինչպես նշում է Andy Grove-ը իր «High Output Management» գրքում` «Ղեկավարները պետք է պարբերաբար նայեն իրենց անմիջական պատասխանատվությունից դուրս, որպեսզի հասկանան, թե իրականում ինչ է կատարվում կազմակերպությունում»։

Արդի ժամանակներում ինֆորմացիան չնայած շարժվում է շատ արագ, սակայն ոչ միշտ է հասնում ճիշտ մարդկանց։ Հատկապես մեծ թիմերում, երբ ղեկավարները շփվում են միայն իրենց անմիջական ենթակաների հետ, հաճախ կարող է ստեղծվել ինֆորմացիայի կորուստ`

  • որոշ խնդիրներ չեն փոխանցվում վերին մակարդակ,
  • կարևոր գաղափարներ մնում են չլսված,
  • աշխատակիցները գնահատվում են միայն միջին օղակի միջոցով։

Skip level հանդիպումները այս շղթան կրճատելու և իրական պատկեր ստանալու լավագույն գործիքներից են։

Ի՞նչ է Skip level հանդիպումը

Սա պլանավորված զրույց է, որի ընթացքում ղեկավարը շրջանցում է իր անմիջական ենթակա մենեջերին և ուղղակիորեն հանդիպում է ավելի ցածր օղակի աշխատակիցների հետ։ Նպատակը՝ ստեղծել բաց հաղորդակցություն, լսել խնդիրներն ու գաղափարներն առանց միջնորդների, հասկանալ թիմին և պարզել` որտեղ կարող են լինել հնարավոր բացեր և, իհարկե, բարելավման հնարավորություններ։

Որպես ՄՌ մասնագետ, կիսվելով սեփական փորձով, կարող եմ ասել, որ ճիշտ կազմակերպված Skip level հանդիպումը ոչ միայն բարձրացնում է վստահությունը, այլև բացահայտում է այնպիսի հարցեր, որոնք այլ կերպ երբեք հնարավոր չէր լինի լսել։ 

Ինչու՞ է սա կարևոր

Երբ աշխատակիցը հնարավորություն ունի ուղղակիորեն խոսելու բարձր մակարդակի ղեկավարի հետ՝ առանց իր անմիջական ղեկավարի ներկայության, նա հաճախ ավելի անկեղծ է։ 

Սա թույլ է տալիս`

  • Հեռացնել ինֆորմացիոն աղավաղումները,
  • բացահայտել իրական խնդիրներ՝ նախքան դրանք կդառնան լուրջ ռիսկեր,
  • տեսնել թաքնված տաղանդներ և նոր գաղափարներ,
  • ուժեղացնել կազմակերպական կապերը։

Դրական կողմերը

  • Աշխատակիցները զգում են, որ իրենց ձայնը լսվում է ամենաբարձր մակարդակում,
  • խթանվում է բաց և անկեղծ հաղորդակցությունը,
  • աճում է վստահությունը և ներգրավվածությունը,
  • լավ գաղափարները հասնում են անմիջապես որոշում կայացնողներին։

Հնարավոր բացասական կողմերը

  • Եթե հանդիպումները սխալ են կառավարվում, աշխատակիցները կարող են շրջանցել իրենց անմիջական ղեկավարներին՝ խաթարելով հիերարխիան,
  • կարող է առաջանալ լարվածություն միջին օղակի մենեջերների և թիմի միջև,
  • առանց հստակ օրակարգի հանդիպումը կարող է վերածվել բողոքների հարթակի։

Ինչպե՞ս արդյունավետ դարձնել Skip level հանդիպումները

  1. Պլանավորել պարբերականություն` չչարաշահելով այն։
  2. Ունենալ հստակ օրակարգ՝ ուղղված խնդիրների բացահայտմանը և լուծմանը։
  3. Հաստատել վստահության մթնոլորտ՝ աշխատակիցներին համոզելով, որ իրենց կարծիքը կարևոր է։
  4. Տեղեկացնել անմիջական ղեկավարներին արդյունքների մասին, որպեսզի բարելավումները լինեն համակարգված։

Skip level հանդիպումները չեն ենթադրում վերահսկողության խիստ մեխանիզմ։ Դա ղեկավարի համար արդյունավետ գործիք է՝ մարդկանց հետ կապ պահպանելու, կազմակերպական մշակույթը առողջ պահելու և ռազմավարական որոշումները իրականության հետ համադրելու համար։

Եթե ուզում ենք ունենալ ճկուն, տեղեկացված և վստահ թիմեր, պետք է ժամանակ առ ժամանակ դուրս գանք մեր անմիջական օղակից և լսենք մարդկանց այնտեղ, որտեղ կազմակերպության իրական զարկերակն է։


Share this article on your social media platform!