This page looks better in the app
Աշխատանք` առանց հանգստի
24 Sep, 2025

Աշխատանք` առանց հանգստի

Դիանա Մովսեսյան

Դիանա Մովսեսյան

Հիմնադիր, տնօրեն | Madika

Աշխատանք` առանց հանգստի

Չե՞ք հիշում` երբ եք վերջին անգամ հանգստացել տոնական և ոչ աշխատանքային օրերին․․․

Ունե՞ք սահմանված վերջնաժամկետ կամ այնպիսի իրավիճակ, որը պահանջում է անհապաղ արձագանք և, որպես հետևանք` աշխատանքի ներգրավում տոնական և ոչ աշխատանքային օրերին․․․

Աշխատանքային կյանքում պատահում են դեպքեր և իրավիճակներ, երբ անհրաժեշտ է լինում աշխատել սահմանված աշխատաժամանակից ավել կամ աշխատանքի գնալ տոն օրերին, և, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, բոլորն էլ ըմբռնումով են մոտենում այդպիսի իրավիճակներին, սակայն լինում են դեպքեր, երբ աշխատանքը, որը կարելի էր կատարել սովորական աշխատանքային ժամերին, առանց աշխատավայրում քնելու, գործատուի պահանջով պետք է լինում կատարել տոն օրը և նման իրավիճակները գնալով դառնում են սովորական, իսկ Դուք ոչ միայն կատարում եք այդ աշխատանքը, այլև չեք էլ վարձատրվում։

Ոմանք կարող են հակադարձել, որ ստրկությունն արգելված է դեռևս 1948թ․ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն ընդունված ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ, ինչն ինչ խոսք, այդպես է։

Եվ, որպեսզի Ձեր մտքին անընդհատ չգան «իսկ իսկապես՞ ստրկությունն արգելված է», «բա ես ի՞նչ եմ այստեղ անում» բնույթի տարատեսակ մտքեր, առաջարկում եմ ծանոչանալ այսօրվա մեր հետաքրքիր հոդվածին, որտեղ ես կանդրադառնամ հետևորդների կողմից հնչեցված հետևյալ հարցերին`

  • Իրավաբանական տեսանկյունից արդյո՞ք կարելի է հրաժարվել աշխատել տոն օրերին:
  • Արդյո՞ք գործատուն պարտավորվում է փոխհատուցել նման դեպքերում:
  • Ե՞րբ դիմել իրավաբանին կամ ի՞նչ փաստաթղթեր հավաքել, եթե դա շարունակական բնույթ է կրում։

Աշխատաժամանակի իրավական հիմքերը

Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատաժամանակ հասկացությունը, որը, կախված բնույթից, կարող է լինել նորմալ, երբ այն չի կարող անցնել շաբաթական 40 ժամը (որոշակի բացառություններով, որոնք սահմանված են օրենսգրքով կամ այլ իրավական ակտերով) և կրճատ, որին մենք այս հոդվածում չենք անդրադառնա։

Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության կամ աշխատանքի բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով։

Հատուկ դեպքեր` անընդմեջ հերթապահության ռեժիմ

Սակայն, եթե Դուք հանդիսանում եք այնպիսի կարևորագույն ոլորտներից մեկի աշխատակից, ինչպիսիք են օրինակ` առողջապահական կազմակերպությունները, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպությունները, մանկական դաստիարակչական կազմակերպությունները, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպությունները, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայությունները և այլն, ապա, ամենայն հավանականությամբ Դուք անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող եք։

Այս դեպքում` Ձեր աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ, իսկ աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից։ Ընդ որում, աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:

Կարծես ամեն ինչ պարզ է, չէ՞:

Աշխատանք տոնական և ոչ աշխատանքային օրերին

Բայց, պատահում են դեպքեր, երբ գործատուի մոտ առաջանում է անհրաժեշտություն, որպեսզի Դուք ներգրավվեք աշխատանքի տոնական կամ ոչ աշխատանքային օրերին` այլ բառերով ասած, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված Ձեր հանգստի ժամանակ, այսինքն` աշխատանքից ազատ ժամանակ, որը Դուք օգտագործում եք Ձեր հայեցողությամբ, անհրաժեշտ է լինելու կատարել աշխատանք։ Եվ հենց այս դեպքերի համար էլ օրենսդիրը նախատեսել է հետևյալ կարգավորումը.

Հիշե՛ք`

Եթե, համաձայն Ձեր և Գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրի, Ձեր աշխատանքի ժամանակացույցով սահմանված չէ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի կատարում, այսինքն` դա չի հանդիսանում Ձեր կողմից զբաղեցրած պաշտոնի (աշխատանքի նկարագրի) համաձայն այդպիսի օրերին կատարման ենթակա աշխատանք, ապա Դուք կարող եք ներգրավվել այդպիսի աշխատանքին միայն գործատուի և Ձեր փոխադարձ համաձայնությամբ, որտեղ պետք է սահմանվեն հատուցման պայմանները`

  1. Կամ Դուք վարձատրվում եք ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով
  2. կամ Ձեզ մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր
  3. կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին (այստեղ կան բացառություններ)։

Ի՞նչ անել խնդրահարույց իրավիճակներում

Իսկ ի՞նչ անել, եթե գրեթե յուրաքանչյուր հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, Ձեզ մոտ առաջանում է սեփական անձի անփոխարինելության կամ «Բեթմենի» զգացողություն, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքի կատարում, որի դիմաց պարբերաբար «մոռանում» է վարձատրել։

Դուք ունեք երկու տարբերակ`

  1. կատարել աշխատանքը լուռ` ընդունելով ստեղծված իրավիճակն այնպես ինչպես կա
  2. կամ հստակ պատասխանել` գրավոր, որ Դուք համաձայն չեք ներգրավվել աշխատանքի այդ օրերին` կլինի դա վարձատրությամբ, թե առանց դրա։

Գործնական խորհուրդներ

Եթե ամեն դեպքում, որոշել եք, որ այսպիսի իրավիճակը Ձեզ դուր չի գալիս, ապա մի քանի խորհուրդ`

  • Հստակ ֆիքսեք գործատուի կողմից նման պահանջի առկայությունը (screenshot, ձայնային հաղորդագրություններ, իդեալական տարբերակում` պաշտոնական գրագրություն` աշխատանքային էլ.փոստի միջոցով ուղարկված նամակ կամ SMS հաղորադգրություն):
  • Հստակ ֆիքսեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներգրավվելու այդպիսի աշխատանքին, իսկ համաձայնության դեպքում նշեք` քանի ժամ եք պատրաստ աշխատել` ճշտելով արդյոք վարձատրվելու եք և, եթե այո, ապա որքա՞ն։
  • Հավաքեք բոլոր ապացույցները` պայմանագիր, պաշտոնական նամակագրություն:
  • Խորհրդակցեք իրավաբանի հետ որքան հնարավոր է շուտ` խնայելու Ձեր նյարդերը, ժամանակն ու ռեսուրսները, որպեսզի ճիշտ կողմնորոշվեք Ձեր իրավունքների պաշտպանության հարցում:

Եզրակացություն

Հիշե՛ք` Նույն իրավական իրավիճակը տարբեր մարդկանց դեպքում կարող է ունենալ տարբեր լուծումներ։ Չեն լինում «մեկ դեղատոմսով» լուծումներ և պարտադիր չէ, որպեսզի այն ինչ Ձեր ծանոթի` առաջին հայացքից նույնանման թվացող իրավիճակում իդեալական լուծում էր, նույնպես իդեալական լինի նաև Ձեր դեպքում։

Այս հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ, չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն և չի կարող փոխարինել այն։


Share this article on your social media platform!