Նաիրի Ինշուրանս 30-ամյա հոբելյան
15 Apr, 2026

Հայաստանի ապահովագրական ոլորտի հնաբնակը՝ Նաիրի Ինշուրանսը, տոնեց 30-ամյակը

HR Drone

HR Drone

Content Manager, HR Drone

Հայաստանի ապահովագրական ոլորտի հնաբնակը՝ Նաիրի Ինշուրանսը, տոնեց 30-ամյակը

Նաիրի Ինշուրանսը՝ Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունը, ապրիլի 10-ին տոնեց իր 30-ամյա հոբելյանը։ Տոնական երեկոն Ալ. Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր, ներկա էին 300-ից ավելի հյուրեր, նրանց թվում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարներ, հայաստանյան խոշոր ու հեղինակավոր ընկերությունների տնօրեններ, արտասահմանից ժամանած հատուկ հյուրեր։ Երեկոն շաղախված էր ազգային ոգով, որտեղ ամեն դետալ պատմում էր հայկական ընկերության հաջողության ու սահմանված սկզբունքներին հավատարմության մասին։

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Նաիրի Ինշուրանսի պատմությունը սկսվել է 1996թ.-ից։ Խորհրդային միության փլուզումից հետո քանդվեց նաև տասնամյակներով ձևավորված պետական ապահովագրության համակարգը։ 1991–1996 թթ. Հայաստանում գործում էր ընդհանուր 80-ից ավելի ապահովագրական ընկերություն. ոլորտը չկարգավորված էր, անվերահսկելի, ընկերություններն էլ տարերայնորեն ձևավորվում ու լուծարվում էին։ Շուկա ձևավորելու համար խորհրդանշական էր 1996-ը։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվեց առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ ապահովագրական տեսչություն։

Նոյեմբերի 19-ին ընդունվեց «Ապահովագրության մասին» օրենքը (դրա համար էլ այսօր նոյեմբերի 19-ին նշվում է Ապահովագրողի օրը)։ Ձևավորվում էր պետության կողմից վերահսկվող ապահովագրական շուկա։

Այսպիսով, 1996թ. ապրիլի 10-ին հիմնադրվեց «Նաիրի 96» ապահովագրական ընկերությունը՝ սիմվոլիկ կապիտալով, 2–3 աշխատակիցներով ու հաճախորդների փոքր թվով։ 2008 թվականին «Նաիրի 96»-ը վերանվանվեց ու դարձավ Նաիրի Ինշուրանս։

Ժամանակակից Նաիրի

Նաիրի Ինշուրանսի պատմության կարևոր փուլերից մեկը դարձավ վերաբրենդավորումը։ 2021 թվականը Նաիրին դիմավորեց վերափոխված. փոխվեցին ոչ միայն բրենդի գույները, այլև հաղորդակցման ոճը՝ ավելի բաց և հասանելի։ Նոր տարբերանշան, նոր կարգախոս՝ «Մեզ հետ ապահով է» և հավակնոտ ծրագրեր։ Նաիրի Ինշուրանսում շատ բան փոխվեց, բայց ընկերության հիմքում դրված սկզբունքներն ու խոստումներն անփոփոխ մնացին՝ լինել հաճախորդի կողքին, պաշտպանել նրան ու այն, ինչ թանկ է նրա համար, գործել թափանցիկ, արդար։

Այս տարիների ընթացքում Նաիրի Ինշուրանսի թիմը ոչ միայն մեծացել է, այլև զգալիորեն զարգացրել է իր մասնագիտական հմտությունները։ Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս աշխատակիցների շարունակական կրթությանը՝ պարբերաբար կազմակերպելով ոչ միայն մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր, այլև լեզուների ուսուցման դասընթացներ։ Նաիրի Ինշուրանսը միշտ եղել է այն գործատուն, որը ոչ միայն տալիս է կարիերայի աճի հնարավորություն, այլև իրականում ստեղծում և խթանում է այդ հնարավորությունները։

Ընկերությունում համոզված են, որ Նաիրի Ինշուրանսի հաջողության ամենամեծ գաղտնիքը թիմն է՝ պրոֆեսիոնալ, նվիրված, սրտացավ և փորձառու։ Հպարտությամբ նշում են, որ մեծ թվով աշխատակիցներ տարիներ շարունակ՝ 10+, 15+ տարի, մնում են թիմի կազմում։ Սա ձևավորել է ոչ միայն կայուն թիմ, այլև ուժեղ մարդկային կապիտալ, որը տարիների ընթացքում դարձել է ընկերության ամենամեծ արժեքներից մեկը։ Ժամանակի հետ փոխվել է նաև կառավարման մշակույթը՝ հիերարխիկ մոդելից անցում կատարելով ավելի մասնակցային համակարգի, որտեղ յուրաքանչյուր թիմակցի կարծիքը ունի իր իրական արժեքը։

Նոր մոտեցումների ու պահպանված արժեքների այս համադրությունն է, որ Նաիրի Ինշուրանսին թույլ է տալիս շարունակել զարգանալ՝ մնալով հավատարիմ իր սկզբնական առաքելությանը։

Շուկայի առաջատար Նաիրի

2025թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսը շուկայի առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։ Ընկերությունը, որը գրեթե Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին է, երկար տարիներ է՝ ոլորտի առաջատար եռյակում է, որոշ ապահովագրատեսակների գծով՝ բացարձակ առաջատարն է։

Նաիրին հայաստանյան միակ ապահովագրական ընկերությունն է, որ հեղինակավոր Մուդիս միջազգային վարկանշային գործակալությունից ստացել է միջազգային վարկանիշ՝ B1՝ կայուն հեռանկարով։ Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։

2–3 աշխատակիցներով այս պատմությունը սկսած թիմն այսօր շուրջ 220 է, հաճախորդների թիվը՝ ավելի քան 230.000, գործընկերների թիվը՝ շուրջ 5.000։

Ծննդյան օրը՝ բեմում նրբաճաշակ ընթրիքով, ազգային մթնոլորտում

Վստահություն, ապահովություն, փորձառություն. Նաիրի Ինշուրանսի հոբելյանական երեկոն կառուցված էր ընկերության պատմության 3 տասնամյակի շուրջը, որտեղ յուրաքանչյուր տասնամյակ իր խորհուրդն ուներ։ Օպերայի դահլիճը լրիվ փոփոխվել էր, հյուրերը բեմում էին նստած, քանի որ օրվա գլխավոր շնորհակալությունը նրանց էր ուղղված՝ այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ էլ Նաիրին արդեն 30 տարեկան է։ Դահլիճն էլ յուրօրինակ բեմի էր վերածվել՝ բալետային, օպերային հետաքրքիր համարներով, դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ՝ սիմֆոնիկ նվագախմբի հրաշալի կատարումներով։ Հատուկ երեկոյի համար Ֆրանսիայից ժամանել էր հայտնի երգիչ Տիցիանոն, որին աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելին լեգենդար հայ երգիչ Շառլ Ազնավուրի ձայն է անվանել։

Երեկոյի ընթացքում երկարաշունչ ճառեր չեղան. կարճ, դիպուկ խոսքեր, ուղերձներ՝ ներկա ձեռքբերումներն արձանագրելու և գալիք նպատակները սահմանելու համար։


Նաիրի Ինշուրանսում ասում են՝ «մերն էին անցած 30 տարիները», և խոստանում են՝ «մերն են լինելու նաև գալիք 30-ը»։


Share this article on your social media platform!