Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2026-ին
HR Drone Analytics Team
Data & Analytics, HR Drone
10 րոպե ընթերցում

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը փոխում է բժշկական ծառայություններից օգտվելու կարգը հազարավոր աշխատողների և գործատուների համար։
Այս հոդվածում հավաքել ենք ամենակարևոր կետերը՝ պարզ, կառուցված և կիրառելի ձևով։
Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը (ԱՀԱ)
ԱՀԱ-ն պետական համակարգ է, որի նպատակն է ապահովել բնակչության հասանելիությունը բժշկական ծառայություններին՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
Ապահովագրության արժեքը
Ապահովագրության արժեքը բոլորի համար նույնն է:
- Ամսական: 10,800 դրամ
- Տարեկան: 129,600 դրամ
Կարևոր: Անկախ մասնավոր ապահովագրություն ունենալուց՝ համակարգին միանալը պարտադիր է։
Ո՞վ է ամբողջությամբ ապահովագրվում պետության կողմից
Պետությունն ամբողջությամբ վճարում է ապահովագրավճարը՝
- մինչև 18 տարեկանների համար,
- 65 տարեկանից բարձր անձանց,
- հաշմանդամություն ունեցող անձանց,
- զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:
*Այս խմբերի համար աշխատավարձի չափը նշանակություն չունի։
Ինչպե՞ս է հաշվարկվում վճարումը աշխատողների համար
Եթե աշխատավարձը կազմում է՝
- 200,001-500,000 դրամ, ապա աշխատողի վճարային աշխատավարձը կնվազի 300 դրամով
- 500,001-1,000,000 դրամ, ապա աշխատողի վճարային աշխատավարձը կնվազի 3,300 դրամով
- 1,000,001 դրամից ավելի դեպքում աշխատողի հաշվարկային աշխատավարձը կնվազի 10,800 դրամով
*Հնարավոր է գումարի վերադարձ՝ եկամտահարկի հայտարարագրման կամ սոցիալական կրեդիտների միջոցով:
Ի՞նչ պետք է իմանան HR մասնագետները
HR թիմերի համար կարևոր է հասկանալ, որ՝
- պահումները կատարվում են ավտոմատ կերպով,
- որոշ խմբերի համար գումարը վերադարձվում է (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում),
- առաջին վերադարձի համար աշխատողը պետք է էլեկտրոնային դիմում ուղարկի
*Սա կարևոր է աշխատողների հետ ճիշտ հաղորդակցության համար։
ԱՁ-ների համար կարևոր տեղեկություն
Եթե ԱՁ եք և ձեր տարեկան շրջանառությունը 2,400,001 դրամ և ավելի է, ապա դուք պարտադիր ներառվում եք համակարգում:
Ապահովագրավճարը վճարվում է միանգամից՝ 12 ամսվա համար և վճարման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. ապրիլի 20-ն է:
Ինչպե՞ս օգտվել բժշկական ծառայություններից
Շտապ դեպքերում
Կարող եք անմիջապես դիմել շտապօգնության կամ բժշկական կենտրոնի։
Պլանային բուժման դեպքում
Անհրաժեշտ է հերթագրվել ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ։
Սքրինինգների և քրոնիկ հիվանդությունների դեպքում
Կարող եք ինքնուրույն հերթագրվել ArMed հավելվածով։
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Եթե աշխատում եմ երկու տեղ, բայց առանձին աշխատավարձերը 200,000-ից ցածր են
Ապահովագրված չեք համարվում։
Եթե աշխատանքի եմ ընդունվել դեկտեմբերի 15-ին
Պարտավորությունը կձևավորվի փետրվարի աշխատավարձից։
Եթե ունեմ հաշմանդամության խումբ և բարձր աշխատավարձ
Պահումը կատարվում է, բայց գումարը վերադարձվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Մինչև 200,001 դրամ աշխատավարձ ստացողների համար
Այս խմբի համար օրենքը ուժի մեջ կմտնի 2027թ. հունվարի 1-ից։
Մինչ այդ տրամադրվում է բժշկական ծառայությունների նվազագույն փաթեթ։
Ամփոփում HR Drone-ից
Առողջության համընդհանուր ապահովագրությունը միայն օրենք չէ։ Այն HR գործընթացների, աշխատողների վստահության և ճիշտ պլանավորման հարց է։
Կարդացեք նաև՝ փոխհատուցման և բենեֆիթների համակարգի մասին, իսկ պահումների իրական ազդեցությունը ձեր աշխատավարձի վրա ստուգեք աշխատավարձի հաշվիչի օգնությամբ։ Գործատուների համար նախատեսված գործիքներին կարող եք ծանոթանալ HR Drone-ը ընկերությունների համար էջում։
HR Drone բլոգում մենք շարունակելու ենք պարզ ու կիրառելի լեզվով ներկայացնել այն փոփոխությունները, որոնք իրական ազդեցություն ունեն աշխատաշուկայում։
Գրանցվեք հարթակում՝ աշխատաշուկայի կարևոր փոփոխությունները բաց չթողնելու համար:




