Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում
23 սեպ, 2025

Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում

Ազնիվ Գրիգորյան

Ազնիվ Գրիգորյան

ՄՌԿ և իրավաբանական բաժնի ղեկավար | FPWC

Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության։ Այս մոտեցումը ոչ միայն հակասում է օրենսդրությանը, այլև վտանգում է գործատուի և աշխատողի հարաբերությունների իրավաչափությունը։

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է` փորձաշրջանը լիարժեք աշխատանքային հարաբերություն է, և գործատուն պարտավոր է վճարել աշխատողին։ Փորձաշրջանի պայմանները կարող են չտարբերվել աշխատանքի ընդհանուր պայմաններից, այսինքն՝ փորձաշրջան սահմանված չլինելու դեպքում, կողմերի միջև սահմանված սովորական աշխատանքային պայմանները կարող են նույնանման լինել, և դա չի նշանակում, որ փորձաշրջանի պայմաններ սահմանված չեն։

Այս հոդվածում կքննարկենք, թե՝

  • ինչ է փորձաշրջանը,
  • ինչ իրավունքներ ունի աշխատողը դրա ընթացքում,
  • ինչպես են գնահատվում փորձաշրջանի արդյունքները,
  • և ինչ հետևանքներ կարող են լինել աշխատավարձ չվճարելու դեպքում։

Ի՞նչ է փորձաշրջանը

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:

Բայց փորձաշրջանը չի նշանակում «ոչ պաշտոնական աշխատանք»։ Այն լիարժեք աշխատանքային հարաբերություն է, որի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են գործատուի և աշխատողի միջև նույն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։

  • Աշխատողը կատարում է աշխատանք,
  • գործատուն պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր,
  • և վճարել աշխատավարձ։

Իրավական հիմքերը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ և 14-րդ հոդվածները, ինչպես նաև 83-93-րդ հոդվածները ամրագրում են, որ աշխատանքային հարաբերությունները հիմնված են աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա, որոնցում նշվում են պարտականություններն ու իրավունքները, աշխատանքային պայմանները, ինչպես նաև փորձաշրջանը սահմանելու ու գնահատելու կանոնները։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և աշխատանքային պայմանագրի բովանդակությանը ներկայացվող որոշակի իմպերատիվ պահանջներ։ Օրենսդիրը ամրագրել է, որ աշխատանքային պայմանագրում, ի թիվս այլնի, նշվում են՝ փորձաշրջան սահմանելու դեպքում՝ փորձաշրջանի տևողությունը և պայմանները։

Փորձաշրջանի պայմանների առանձնահատկությունները՝

  • Երբ աշխատանքային պայմանագրով մանրամասն կարգավորված են աշխատանքի բոլոր պայմանները, փորձաշրջանի համար աշխատանքի ընդհանուր պայմաններից չտարբերվող պայմաններ սահմանելը նույնպես բավարար է դիտարկվում՝ փորձաշրջանի պայմանները սահմանված համարելու համար।

    Պայմանագիրը պետք է պարունակի փորձաշրջան սահմանելու նախաձեռնություն իրականացրած անձի վերաբերյալ նշում։
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե փորձաշրջանը սահմանվում է աշխատողի ցանկությամբ, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը, և գործատուն իրավունք չունի դրանք գնահատելու։

Ի՞նչ անել, եթե գործատուն չի վճարում

Եթե գործատուն փորձաշրջանի ընթացքում չի վճարում կամ առաջարկում է աշխատել անվճար, ապա սա խախտում է օրենսդրությունը։

Աշխատողը կարող է՝

  • դիմել Աշխատանքի տեսչական մարմին, 
  • կամ իր իրավունքները պաշտպանել դատարանում։

Աշխատողին վճար չկատարելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն և ֆինանսական տուգանքներ գործատուի համար։

Փորձաշրջանը աշխատանքային հարաբերությունների լիարժեք փուլ է, ոչ թե կամավոր կամ «փորձնական» անվճար աշխատանք։ Աշխատողը իրավունք ունի ստանալու իր վարձատրությունը հենց առաջին աշխատանքային օրվանից։

Եզրահանգում

Աշխատանքի պայմանների հստակ արձանագրումը, փորձաշրջանի պայմանների բացատրությունը և գնահատման մեխանիզմների սահմանումը ոչ միայն պաշտպանում են աշխատողի իրավունքները, այլև ապահովում են վստահելի և իրավական տեսանկյունից անվտանգ և լիարժեք աշխատանքային հարաբերություններ գործատուի համար։


Share this article on your social media platform!