

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality միջոցառումներ
Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն: Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք: Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը: Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում: Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։ Երևանի տարածքը կազմում է 223 քկմ, բնակչությունը՝ 1052.754 հազ. մարդ (ըստ 2022թ. մարդահամարի)։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա։ Քաղաքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ։ Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։ Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։ Ժամային գոտի՝ UTC+4 Հեռախոսային կոդ՝ +374 (10), +374 (60) +374 (11) Փոստային ինդեքսներ՝ 0001-0099