

Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն | Գիտաժողով
Միջոցառման մասին
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիան հայտարարում է «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովի մասին, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 24-26-ը Երևանում:
Նույն դաշտ հրավիրելով փիլիսոփաների, պատմաբանների, մարդաբանների, հնագետների և ժառանգության ու հիշողության հարցերով զբաղվող հետազոտողների՝ այս միջոցառումը կդառնա քննական մտածողության զարգացման և մասնագիտական երկխոսության հարթակ՝ ներկայացնելու և քննարկելու, թե ինչպես է անցյալը մեկնաբանվում, պահպանվում ու վիճարկվում տարբեր գիտակարգերում ու հասարակություններում: Գիտաժողովը միտված է բացահայտելու, թե ինչպես են հասարակություններն իմաստավորում ոչնչացման, բռնության և կորստի փորձառությունները, և թե ինչպես են ստեղծված այդ իմաստները ձևավորում հավաքական ինքնություններն ու ապագայի պատկերացումները։ Ցեղասպանությամբ, պատերազմով, մշակութային ոչնչացմամբ և աղետներով նշանավորված աշխարհի իրողությունները հաշվի առնելով՝ գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել անցյալը պատմելու և կառուցելու հետ կապված բարոյական և իմացաբանական պատասխանատվությունները։

