

AI APOCALYPSE 2025․ Հայաստանի ամենամեծ CTF կիբեռմրցույթը ընդունում է մասնակցության հայտեր
CyHub Armenia-ն հայտարարում է AI APOCALYPSE 2025 CTF մրցույթի մեկնարկը՝ հրավիրելով կիբեռանվտանգությամբ հետաքրքրված բոլոր անձանց մասնակցելու այս տարվա ամենասպասված կիբեռմրցույթին։ 24 ժամ շարունակ տասնյակ թիմեր պայքարելու են առավելագույն միավորներ հավաքելու և մրցույթի հաղթող դառնալու համար։ Այս տարի ևս լավագույն արդյունք ցույց տված առաջին երեք թիմերը կպարգևատրվեն մրցանակներով։
Capture The Flag (CTF)- ը կիբեռանվտանգության միջազգային ձևաչափ ունեցող մրցույթ է, որտեղ մասնակիցները լուծում են իրական սպառնալիքներին նմանեցված առաջադրանքներ՝ վեբ անվտանգությունից մինչև կրիպտոգրաֆիա, ռեվերս ինժեներիա և արհեստական բանականության շուրջ նոր առաջացող ռիսկեր։ Յուրաքանչյուր հաջող լուծում «դրոշ» է, և թիմերը մրցում են՝ հնարավորինս շատ դրոշներ հավաքելու համար։
AI APOCALYPSE 2025-ի նպատակն է՝
- զարգացնել մասնակիցների տեխնիկական հմտությունները կիբեռանվտանգության ոլորտում,
- խթանել թիմային ու քննադատական մտածողությունը,
- ստեղծել գործնական միջավայր՝ նմանակված հարձակումներով ու պաշտպանական սցենարներով,
- ապահովել ոլորտային մասնագիտական կապերի ստեղծում՝ հնարավորություն տալով հանդիպել կիբեռանվտանգության ընկերությունների, բանկերի, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։
Միջոցառումն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` իր «ՍայՀաբ - Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող և Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East նախագծի աջակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Հայաստանի կենտրոնական բանկը և Illuria-ն։ Միջոցառման իրականացմանն աջակցում են IDBank-ը և Idram-ը՝ որպես մրցանակների հովանավորներ, Amio Bank-ը և Hexens-ը՝ որպես Platinum հովանավորներ, Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր։

