Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Կատարողից դեպի արժեքաստեղծ աշխատակից
05 փետ, 2025

Կատարողից դեպի արժեքաստեղծ աշխատակից

Աննա Ամիրխանյան

Աննա Ամիրխանյան

ՄՌԿ մասնագետ, Karcher LLC

Մերօրյա աշխարհում ընկերությունները մշտապես ենթարկվում են մրցունակ լինելու ճնշմանը: Ընկերությունների մի մասը փորձում է վարձել տաղանդներ` հանդես գալով գայթակղիչ առաջարկներով կամ բացը լրացնելու համար ԱԲ գործիքներ օգտագործելով, իսկ մյուս մասը փորձում է կատարող աշխատակցին դարձնել արժեքաստեղծ:

Իսկ ինչ, եթե ասեմ, որ իրականում կհաղթեն այն ընկերությունները, որոնք առանց աշխատակցին կորցնելու վախի, իրենց իսկ ունեցած տաղանդների ներուժը բացահատելով և սովորեցնելով կունենան արժեքաստեղծ աշխատակից. կատարողից արժեքաստեղծի անցումը պարզապես մասնագիտական աճ չէ, այլ նաև աշխատակից-կազմակերպություն հարաբերության հիմքային վերաիմաստավորումն է:

Երկարաժամկետ հաջողության հասնելու համար կայուն մոտեցում է համարվում աշխատակիցներին բարձրարժեք ներդրողներ դարձնելը:

Արժեք է ոչ միայն հմտությունն ու արդյունավետությունը, այլ նաև պատկանելիության խորը ընկալումը, ուժեղ մշակույթը, խնդիրների լուծման մեջ ներգրավվածությունը և հաջողության նկատմամբ իրական նվիրվածության համակցությունը:

Իմ աշխատանքում այս խնդիրը լուծելու համար ես ուսումնասիրեցի ոչ միայն բիզնեսի ռազմավարությունը և նպատակները, այլ նաև փոփոխությունների կառավարման հոգեբանությունը. կատարողի մտածելակերպի համաձայն առաջադրանքների կատարումն ավելի կարևոր է, քան արժեքների ստեղծումը:

Ներկայացնեմ կիրառած քայլերից երկուսը՝

  • Համագործակցություն հոգեբանների հետ, վարքային այնպիսի ռեսուրսների տրամադրման համար, ինչպիսիք են՝ հետաքրքրասիրության ակտիվացում, նախաձեռնողականության քաջալերելում, սթրեսին սեփական արձագանքի ու գործընկերների արձագանքի ընկալում:
  • Կարիերայի պարզ և գրագետ կազմված քարտեզ, որը կհանդիսանա ճանապարհային ուղենիշ` օգնելով թափանցիկ կերպով հասկանալ թե՛’ ուղղահայաց, և թե՛ հորիզոնական աճն ընկերությունում։

Կարիերայի քարտեզը պետք է համապատասխանի և՛ բիզնեսի նպատակներին և՛ անձնական ձգտումներին: Աշխատակիցները, կայացնելով որոշումներ, ոչ միայն լինելու են ներգրավված` ունենալով սեփականության զգացում, այլև նվազելու է դիմադրությունը և բարձրանալու է ոգեշնչվածությունը:

Բայց ինչպե՞ս այն ներդնել

1. Ներուժի բացահայտում

  • Պարբերական զրույցներ աշխատակիցների հետ
  • Անհատական զարգացման պլանների կազմում
  • Հմտությունների քարտեզագրում
  • Ուժեղ կողմերի վերհանում

2. Ուսուցում և զարգացում

  • Մենթորության ծրագրերի ներդրում
  • Դասընթացների հասանելիություն
  • Պրակտիկ նախագծերում ներգրավում

3. Ուսումնատենչ մշակույթի ստեղծում

  • Փորձի փոխանակում
  • Նորարարական գաղափարների խրախուսում
  • Սխալներից սովորելու մշակույթի ձևավորում
  • Թիմային ուսումնական միջավայրի ապահովում

4. Ճանաչում և պարգևատրումներ

  • Նախաձեռնությունների գնահատում
  • Հաջողությունների տոնում

Կատարելով նմանատիպ ներդրում` կազմակերպությունները ոչ միայն բարելավում են իրենց եկամուտը, այլ նաև ստեղծում են առավել գոհացուցիչ աշխատանքային փորձ, ապահովում են թիմի անդամների ու ընկերության նախագծերի աճը՝ խթանելով բարդացող բիզնես աշխարհում կայուն մրցակցությանը: Հիշե՛ք, ցանկացած արժեքաստեղծ աշխատակից սկսել է որպես կատարող աշխատակցից:

Այստեղ հարցն այն չէ, թե ձեր աշխատակիցները բացառիկ արժեքներ ստեղծելու ներուժ ունեն, թե՞ ոչ, այլ այն, թե որքանով է ձեր կազմակերպությունն օգնում վերջիններիս բացահայտել այդ ներուժը: Պատրա՞ստ եք բացահայտել ձեր թիմի ներուժը:


Share this article on your social media platform!