Հոգեբանական անվտանգությունը աշխատավայրում
Նանա Բաբայան
Մարդկային Ռեսուրսների Կառավարիչ, Art Production
8 րոպե ընթերցում

Ինչպես նշում է Amy Edmondson-ը իր՝ «The Fearless Organization» գրքում՝
«Հաջողակ թիմերը սխալվում են, բայց չեն լռում։ Նրանք քննարկում են, վերլուծում և միասին լուծում ցանկացած խնդիր»։
Ժամանակակից կազմակերպություններում տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, սակայն մարդկանց հետ կապված հիմնախնդիրները մնում են նույնը՝
- լսված լինելու կարիք,
- հարգանք,
- վստահություն,
- ազատ արտահայտվելու հնարավորություն։
Այս բոլոր արժեքները մի կենտրոնական երևույթի շուրջ են համախմբվում՝ հոգեբանական անվտանգություն։
Ի՞նչ է հոգեբանական անվտանգությունը
Սա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ։ Հոգեբանական անվտանգությունը այն միջավայրն է, որտեղ աշխատակիցը կարող է բաց խոսել, սխալվել, սովորել և զարգանալ առանց վախի։
Որպես ՄՌԿ մասնագետ, ով ղեկավարում է 200 հոգանոց թիմ, վստահորեն կարող եմ ասել՝ հոգեբանական անվտանգությունը թիմի առողջության և կազմակերպության կայունության առանցքային բաղադրիչներից է։
Երբ մարդիկ չեն վախենում քննադատությունից կամ աշխատանքը կորցնելուց, նրանց ստեղծագործական ներուժը բազմապատկվում է։ Թիմը դառնում է համագործակցող, ճկուն և կենդանի օրգանիզմ՝ ունակ լուծելու ցանկացած մարտահրավեր։
Սա ուղեղում տեղի ունեցող քիմիական պրոցես է․ կրճատվում է կորտիզոլի մակարդակը՝ սթրեսի հորմոնը, և բարձրանում է օքսիտոցինը՝ վստահության հորմոնը։ Ի դեպ, եթե թիմում միայն կորտիզոլն է աճում, ապա ղեկավարը պետք է դառնա քիմիկոս, ոչ թե լիդեր։
Ահա, թե ինչ դրական և բացասական արդյունքների կհանգի կազմակերպությունը աշխատավայրում հոգեբանական առողջության կենսամակարդակի կայուն կամ անկայուն ցուցանիշների դեպքում:
Դրական կողմերը
Ստեղծարարություն և նորարարություն
Աշխատակիցները ազատ են արտահայտվելու և նոր գաղափարներ առաջարկելու հարցում։
Թիմային համագործակցություն
Անվտանգությունը խթանում է առողջ հաղորդակցություն և միմյանց աջակցելու պատրաստակամություն։
Արագ ուսուցում և աճ
Սխալները թաքցնելու փոխարեն վերլուծվում են, ինչը խթանում է անհատական ու թիմային զարգացումը։
Նվազ սթրես, բարձր ներգրավվածություն
Մարդիկ ավելի բավարարված են իրենց աշխատանքով և կազմակերպության մշակույթով։
Բացասական կողմեր
Անսահման ազատություն՝ առանց պատասխանատվության
Որոշ աշխատակիցներ կարող են շահարկել ազատ միջավայրը՝ թուլացնելով կարգապահությունը։
Կեղծ համերաշխություն
Խուսափում են իրական խնդիրներից, որպեսզի «չվնասեն մթնոլորտը», ինչը հաճախ վերածվում է «տոքսիկ լռության»։
Կարգապահության անկում
Առանց հստակ սահմանների՝ թիմը կարող է զրկվել ուղղորդվածությունից։
Ինչպե՞ս պահել հավասարակշռությունը
Հոգեբանական անվտանգությունը չի նշանակում՝ «ամեն ինչ կարելի է»։ Այն պետք է ուղեկցվի հստակ սահմաններով, արժեհամակարգով և պատասխանատվությամբ։ Սա համակարգված աշխատանք է՝ լիդերի կողմից խթանվող, ոչ թե միայն հույզերով առաջնորդվող մթնոլորտ։
Աշխատանքային մշակույթը, որտեղ յուրաքանչյուր աշխատակից արժևորվում է անհատապես և լուծվում են նրա իրական կարիքները, ստեղծում է ոչ միայն լավ արդյունքներ, այլ նաև՝ ուրախ, վստահ ու առողջ աշխատակիցներ։
Եզրակացություն
Հոգեբանական անվտանգությունը առաջնորդության ուժն է՝ ոչ թե խաթարիչը և եթե ցանկանում ենք ունենալ ճկուն, զարգացող և նվիրված թիմեր, ապա պետք է սկսենք հենց դրանից։
Հոգեբանական անվտանգությունը ստեղծում է միջավայր, որտեղ աշխատակիցները կարող են ազատ արտահայտվել և վստահել միմյանց։
Կարդա նաև՝ stay interview-ների մասին։ Եթե թիմ ես համալրում, ծանոթացիր HR Drone-ը ընկերությունների համար էջին։
Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորմանը, թիմային վստահության ամրապնդմանը և առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանը։




