Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ
30 Apr, 2025

Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ

Արփինե Մանուկյան

Արփինե Մանուկյան

ՄՌԿ մասնագետ, «Արփիսոլար» ՍՊԸ

Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է: Այն արտացոլում է ինչպես է աշխատողը կատարում իր գործառույթները, փոխհարաբերվում գործընկերների և ղեկավարների հետ, ի վերջո պահպանում Ընկերության ներքին ընթացակարգերը:

Աշխատանքային էթիկայի դրսևորումը սկսվում է աշխատանքի դիմելիս թեկնածուի կողմից ներկայացված ինքնակենսագրականից և արտացոլվում է աշխատանքային հարաբերությունների բոլոր փուլերում՝ ընդհուպ մինչև այդ հարաբերությունների ավարտը: Այն երբեք չի կարող դադարեցվել կամ ընդհատվել, քանի որ հանդիսանում է անձի արժեհամակարգի մասը: Աշխատանքային էթիկան ձևավորվում է անձի սոցիալականացմանը զուգահեռ և դառնում իր էության մի մասը:

Ահա թե ինչու, սկսած հավաքագրման գործընթացից, ՄՌԿ մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում թեկնածուի մոտ աշխատանքային էթիկայի դրսևորումներին և, աշխատանքային մյուս պահանջներին հավասարապես` ենթարկելով համարժեք գնահատման:

Իսկ ի՞նչն է մատնանշում, որ թեկնածուն չի բավարարում աշխատանքային էթիկայի նորմերին, որո՞նք են այդ կարմիր դրոշները, որոնք հայտնվում են ՄՌԿ մասնագետների ուշադրության կենտրոնում հավաքագրման ընթացքում:

Կարմիր դրոշներ հավաքագրման գործընթացում

Ստորև ներկայացված են այդ ցուցանիշներից մի քանի առավել ակնհայտները`

Պատասխանատվության և ճշտապահության բացակայություն

Օրինակ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից՝ հարցազրույցներից ուշացումները, հարցազրույցին չներկայանալը կամ վերջին պահին հանդիպումը չեղարկելը՝ առանց հիմնավորման:

Անկեղծության և թափանցիկության բացակայություն

Օրինակ՝ ինքնակենսագրականում ներկայացված ոչ ճշգրիտ տեղեկատվությունը, հարցազրույցի ժամանակ հնչեցված հակասող պատասխանները կամ թյուր տեղեկատվությունը նախորդ փորձի, հմտությունների վերաբերյալ:

Ազնվությունը աշխատանքային էթիկայի հիմքերից մեկն է: Եթե թեկնածուն չի կարող ազնիվ լինել հարցազրույցի փուլում, ապա դժվար թե նա վստահելի աշխատող դառնա:

Անհարգալից վերաբերմունքի դրսևորում

Օրինակ՝ հարցազրույցի ժամանակ կոպիտ, մեծամիտ կամ արհամարհական տոն թեկնածուի կողմից: Հարցազրուցավարին ընդհատելը, հնչեցված հարցերի անտեսումը, տարրական քաղաքավարության բացակայությունը վկայում է աշխատանքային էթիկայի բացակայության մասին:

Հաղորդակցման էթիկայի բացակայություն

Օրինակ՝ բացասական երանգավորմամբ մեկնաբանություններ նախորդ գործատուների կամ գործընկերների մասին, խտրականության ենթատեքստով կամ անտեղի հումորներ հարցազրույցների ժամանակ:

Առանց նախապատրաստման հարցազրույցին ներկայացում

Օրինակ՝ երբ թեկնածուն չգիտի ընկերության կամ հաստիքի անվանումը կամ դրսևորում է լիարժեք անտարբերություն հարցազրույցի ընթացքում, չի հստակեցնում անմիջական գործառույթները և պատասխանատվության շրջանակը, որը պետք է ստանձնի և այլն:

Անփույթ արտաքին տեսք

Այո, սա ևս աշխատանքային էթիկայի մի մաս է կազմում: Երբ աշխատանքի ընդունվելու համար նախապես պայմանավորված հարցազրույցին թեկնածուն ներկայանում է թափթփված, անփույթ արտաքին տեսքով կամ օրինակ՝ զրուցում է մաստակի առկայությամբ:

Դրական ցուցանիշներ

Վերոնշյալ կարմիր դրոշների բացակայությունը հիմք է եզրակացնելու, որ թեկնածուն պատասխանատու և հետևողական է, ինչպես նաև պատրաստ է աշխատելու կորպորատիվ միջավայրում:

Հավաքագրման փուլում թեկնածուի կողմից դրսևորվող անկեղծությունը, պատասխանատվությունը, ճշտապահությունը, կորպորատիվ միջավայրի և տեղեկատվության նկատմամբ գաղտնապահությունն ու հարգանքը, ինչպես նաև հաղորդակցման էթիկայի դրսևորումը մեծացնում եմ թեկնածուին տվալ հաստիքում դիտարկելու հավանականությունը:

Երկկողմանի պատասխանատվություն

Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ աշխատանքային էթիկայի դրսևորումը գնահատում է ոչ միայն հավաքագրողը կամ գործատուն, այլ նաև թեկնածուն: Ուստի հավաքագրող թիմը ևս պետք է պահպանի աշխատանքային էթիկայի նորմերը: Միայն այս դեպքում է հնարավոր հիմք դնել արդյունավետ համագործակցության:

Աշխատանքային էթիկան հավաքագրման գործընթացում ձևավորում է կազմակերպության հեղինակությունն ու վստահելիությունը աշխատաշուկայում։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու էթիկական հավաքագրման մշակույթի զարգացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և արդար գործատու-աշխատող հարաբերությունների ձևավորմանը։


Share this article on your social media platform!