This page looks better in the app
Գործուղման հարկումը, փաստաթղթավորումը և լավագույն փորձը
30 Jun, 2025

Գործուղման հարկումը, փաստաթղթավորումը և լավագույն փորձը

Նարեկ Մանուկյան

Նարեկ Մանուկյան

CEO, Profin Consulting

Գործուղումները հաճախ թվում են պարզ՝ մեկնում եք, կատարում որոշակի աշխատանք, ունենում գործնական հանդիպումներ և վերադառնում, բայց երբ հարցը հասնում է գործուղման ծախսերի հաշվառմանը, փոխհատուցմանը ու հարկերի հաշվարկմանը, առաջանում են բարդություններ։

Այս հոդվածը կօգնի հասկանալ՝

  • Ի՞նչ է գործուղումը,
  • ի՞նչպես են հարկվում ծախսերը,
  • ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Ի՞նչ է գործուղումը

Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործուղումը աշխատանքի հիմնական վայրից դուրս որևէ այլ վայրում աշխատանք կատարելն է՝ գործատուի հանձնարարությամբ։ Այն պետք է ձևակերպել հրամանով՝ նշելով նպատակը, ժամկետը և վայրը։

Ի՞նչը գործուղում չէ

Գործուղումներ չեն համարվում՝

  • Տեղափոխման աշխատանքները (օրինակ՝ էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքներ),
  • երկարաժամկետ դաշտային/հետազոտական աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում։

Գործուղման ծախսերի տեսակները

Գործուղման մեկնած աշխատակցին գործուղման ծախսերի փոխհատուցման համար հատկանշական է դասակարգել ծախսերը, քանի որ դրանք առանձնանում են իրենց սահմանաչափերով ու փաստաթղթավորման կանոններով՝

Օրապահիկ

Կա օրենքով սահմանված սահմանաչափ, որը չի հարկվում անկախ դրանք փաստաթղթավորելու հանգամանքից։

Տրանսպորտային ծախսեր / գիշերավարձ / այլ ծախսեր

Փոխհատուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում։ Առանց փաստաթղթի՝ այդ փոխհատուցումները հարկվում են եկամտային հարկով։

Տեղական և միջազգային գործուղումների տարբերությունները

Տեղական գործուղում

Ծախսերը արտահայտված են դրամով, կա օրապահիկի հստակ նվազագույն չափ։

Միջազգային գործուղում

Օրապահիկի չափերը որոշվում են յուրաքանչյուր երկրի համար առանձին արտարժույթով։ Միջազգային գործուղման համար գործուղման թերթիկ անհրաժեշտ չէ։

Պահանջվող փաստաթղթեր

Գործուղման մեկնելիս անհրաժեշտ է ապահովել նվազագույն փաստաթղթերի փաթեթ, որոնք են՝

Գործուղման հրաման (պարտադիր)

Հրամանը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ մանրամասները՝ նպատակ, ժամկետ, վայր։

Հաշվետվություն ծախսերի վերաբերյալ

Փաստաթուղթ, որին կցվում են այդ ծախսերի կտրոնները։ Արտարժույթով արտահայտված ծախսերը հաշվարկվում են ԿԲ փոխարժեքով։

Հարկային առանձնահատկություններ

Գործուղման ծախսերը ընկերության ծախսերում հաշվառելիս կարևոր է հաշվի առնել մի քանի առանձնահատկություն՝

Եկամտային հարկ

Սահմանված չափերը գերազանցող փոխհատուցումներից գանձվում է 20% եկամտային հարկ։

Շահութահարկ

Շահութահարկի մեջ ընդգրկվում են միայն փաստաթղթավորված ծախսերը (բացառությամբ օրապահիկի)։

Արտասահմանյան ծառայություններ

Արտասահմանյան մատակարարներից ստացված ծառայություններից որոշակի դեպքերում առաջանում է հավելյալ ոչ ռեզիդենտի շահութահարկ (5%)։

Լավագույն փորձեր

Եթե Դուք հետևեք մի քանի պարզ ու փորձված կանոնների, Դուք կխուսափեք գործուղման ծախսերի հաշվառման սթրեսային պրոցեսից։ Ահա մի քանի խորհուրդ՝

Նախապատրաստություն

  • Նախքան գործուղում մեկնելը՝ խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ
  • Տեղեկացեք համապատասխան երկրի օրապահիկի սահմանաչափերի մասին
  • Պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը

Փաստաթղթավորում

  • Պահել ծախսերի բոլոր կտրոններն ու ինվոյսները
  • Ապահովել փաստաթղթերի ճիշտ թարգմանություն և վավերապայմանավորում
  • Հարկ է մանրակրկիտ գրանցել բոլոր ծախսերը

Հետագա քայլեր

  • Ժամանակին ներկայացնել հաշվետվությունը
  • Ստուգել հարկային հաշվարկների ճշտությունը
  • Պահպանել փաստաթղթերի պատշաճ արխիվ

Գործուղման ծախսերի ճիշտ կառավարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև ընկերության ֆինանսական կառավարման կարևոր մաս։ Հետևելով այս ուղեցույցին՝ Դուք կկարողանաք խուսափել հարկային ռիսկերից և ապահովել գործուղումների արդյունավետ կառավարում։


Share this article on your social media platform!