«Տոքսիկ լռություն»․ Ի՞նչ է այն և ի՞նչի մասին է այն «խոսում»
Հասմիկ Հովհաննիսյան
ՄՌԿ բաժնի ղեկավար, «Պենոտեքս» ՍՊԸ
4 րոպե ընթերցում

Թիմում տիրող լռությունը միշտ չէ, որ նշան է խնդիրների բացակայության կամ թիմում տիրող համերաշխության։ Հաճախ լռությունն էլ կարող է լինել խոսուն, նույնիսկ երբեմն ավելի շատ, քան բառերն ու նախադասությունները։ Երբ թիմում աշխատակիցները հարցեր չեն տալիս, չկան բանավեճեր, կարծիքներ կամ բողոքներ՝ պետք է զգոն լինել։ Շատ հաճախ նման լռության հետևում կանգնած է վախը, անտարբերությունը, անվստահությունը, հիասթափությունը, հուզական այրումը և այլն:
- «Անիմաստ է խոսելը, միևնույնն է լինելու է ինչպես միշտ, ոչինչ չի փոխվելու․․․»
- «Միևնույնն է իմ կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում․․․»
- «Ավելի լավ է լռեմ, քան կրկին կոնֆլիկտ ստեղծեմ կամ ավելորդ խոսակցություններ ծավալվեն․․․»
- «Եթե ասեմ, կարող է ինձ ճիշտ չհասկանան․․․»
Հենց այս դեպքերում տիրող լռությունն է համարվում «տոքսիկ լռություն», ինչը խաթարում է թիմային մթնոլորտը, նվազեցնում է արդյունավետ հաղորդակցությունը, ստեղծում «անտեսանելի» լարվածություն, և ոչ միայն․․․ Այսպիսի թիմերն առաջին հայացքից «իդեալական» են թվում՝ առանց բողոքների, սկանդալների, ամեն ինչ «խաղաղ» է, միահամուռ են, միաձայն որոշումներ են կայացնում․․․ Բայց այդ արտաքին լոյալության հետևում հաճախ թաքնված է վախը, ապատիան, հիասթափությունը և այլն․․․
Նման դեպքերում, կարևոր է, որպեսզի HR մասնագետը կարողանա նկատել և «լսել» այդ լռությունը, կարողանա տարբերակել համաձայնություն վկայող լռությունը «տոքսիկ լռությունից»։
Ի՞նչն է հանգեցնում «տոքսիկ լռության»
Վախ կոնֆլիկտներից
Մարդիկ հաճախ վախենում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև դա կարող է սխալ հասկացվել կամ բացասական հետևանքներ ունենալ:
Անվստահություն
Նախկինում հնչեցրած կարծիքը անտեսվել է կամ օգտագործվել է իրենց իսկ դեմ:
Վախ քննադատությունից
Ոմանք պարզապես խուսափում են խոսել՝ մտածելով, որ իրենց կարծիքը կարող է քննարկման կամ քննադատության առիթ դառնալ:
Ներգրավվածության պակաս
Երբ աշխատակիցներն իրեն կարևոր չեն զգում, չեն տեսնում իմաստ մասնակցելու որևէ քննարկման:
Ինչպե՞ս կարող է HR մասնագետը «լսել» լռությունը
- Ուշադիր լինել ոչ վերբալ ազդակներին
- Պարբերաբար իրականացնել անանուն հարցումներ
- Հաճախ կազմակերպել One-on-One հանդիպումներ
- Խթանել հետադարձ կապի մշակույթը
Խորհուրդ
Մի շտապեք կարծել, որ թիմում մշտապես տիրող լռությունը համերաշխության կամ համաձայնության նշան է։ Լռությունը ևս ունի «ձայն», որը պետք է կարողանալ լսել։ Այն հաճախ կարող է վկայել խորքային խնդիրների մասին, որոնք պետք է արժանացնել ուշադրության, ուսումնասիրել, բացահայտել և սկսել կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
Հիշեք՝ առողջ մթնոլորտ ստեղծելը միանգամյա քայլ չէ, այն երկարատև և շարունակական աշխատանքի արդյունք է․․:
Տոքսիկ լռությունը աշխատավայրում ազդում է թիմային մթնոլորտի, վստահության և արդյունավետության վրա։
Կարդացեք նաև՝ աշխատավայրում հոգեբանական անվտանգության մասին։ Օգտակար կլինի նաև թիմի զարգացման մեջ 1:1 հանդիպումների դերի մասին հոդվածը։
Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու բաց հաղորդակցության, առողջ թիմային հարաբերությունների և հոգեբանական անվտանգության ամրապնդմանը։




