Զառա Գալստյան
ՄՌԿ տնօրեն, «Բարսիս» ՍՊԸ
Ժամանակակից կազմակերպությունները, որոնց առջև կանգնած են արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջները, հաճախ դիմում են արտաքին աշխատաշուկային՝ նոր մասնագետների ներգրավման միջոցով զարգացում ապահովելու համար` անտեսելով իրենց ամենաարժեքավոր ռեսուրսը՝ առկա թիմը։
Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ ոչ միայն ծախսերի օպտիմալացման, այլև կազմակերպության կայուն աճի և մրցունակության հիմնասյունը։ Այս մոտեցումը ամրապնդում է և՛ աշխատակիցների ներգրավվածությունն ու հավատարմությունը, և՛ կորպորատիվ մշակույթը, ինչպես նաև խթանում է նախաձեռնողականությունը։ Երբ կազմակերպությունները ստեղծում են պայմաններ, որտեղ աշխատակիցները տեսնում են զարգացման իրական հնարավորություններ, վերջիններս դառնում են ավելի նվիրված, պատասխանատու և պատրաստ նոր մարտահրավերների։
Ներքին ռեզերվը կազմակերպության այն աշխատակիցներն են, ովքեր դեռ չեն զբաղեցնում ղեկավար դիրքեր, սակայն ունեն զգալի ներուժ՝ ապագայում ստանձնելու ավելի բարդ դերեր, առաջնորդելու թիմեր կամ իրականացնելու պատասխանատու նախագծեր։ Ներքին ռեզերվի կառավարումը գործընթաց է, որի շրջանակում ՄՌԿ մասնագետները և ղեկավարները սկսում են ճանաչել թիմում թաքնված տաղանդներին՝ ըստ վերջիններիս աճի պոտենցիալի, հմտությունների և զարգացման ներուժի։ Նման մոտեցումն առավել կարևոր է մեր օրերում, երբ աշխատաշուկայում տաղանդների ներգրավման համար մրցակցությունն աճել է, նաև նոր մասնագետների ներգրավումը պահանջում է ժամանակ, ռեսուրսներ և ռիսկեր։ Ներքին ռեզերվի ճիշտ կառավարումը կարող է ապահովել կայուն զարգացում՝ ստեղծելով ապագա առաջնորդների հուսալի բազա։
Աշխատակիցների պարբերաբար գնահատումը պետք է ներառի ոչ միայն արդյունքները, այլև փափուկ հմտությունները, սովորելու ունակությունը, նախաձեռնողականությունն ու համագործակցության որակը։ Մշտադիտարկումը օգնում է վաղ նկատել աճող պոտենցիալը նաև վարքագծի հիման վրա։
Կազմակերպել համակարգված ֆիդբեք ղեկավարներից, գործընկերներից և ենթականերից։
Նոր միջավայրում հնարավոր է նկատել առաջնորդական ունակություններ, կրեատիվություն և ճկունություն։
Փորձառու գործընկերների միջոցով ևս կարելի է բացահայտել և զարգացնել աշխատակիցների մոտ աճի պոտենցիալը։
Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակել զարգացման հստակ ուղի՝ մասնագիտական առաջընթացի, հմտությունների խորացման և նոր պատասխանատվությունների ստանձման համար։
Նվազեցնում է հավաքագրման, ադապտացիայի և ուսուցման վրա ծախսվող ժամանակն ու բյուջեն։
Աշխատակիցները տեսնում են աճի հստակ ուղի և զգում են, որ իրենց նկատում ու գնահատում են։
Մարդիկ ավելի երկար են մնում կազմակերպությունում՝ տեսնելով կարիերայի իրական հեռանկարներ։
Ապահովվում է շարունակականություն առանց արտաքին շուկայից կախվածության՝ ունենալով պատրաստ ռեզերվ առանցքային պաշտոնների համար։
Թաքնված տաղանդների բացահայտումը ՄՌԿ մասնագետի ռազմավարական գործառույթներից է, որը պահանջում է համակարգված մոտեցում։ Երբ կազմակերպությունը դիտարկում է աշխատակիցներին որպես զարգացող ներուժ և կառուցում է ներքին ռեզերվի մշակույթ, այն ստանում է ոչ միայն արդյունավետ և հավատարիմ թիմ, այլև կայուն աճ՝ նվազագույն ռիսկերով։
Share this article on your social media platform!